Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, 1000-ավոր մարդիկ են տարհանվել

Աննա Կոստանյան 1.05.2025 - 18:38
1.05.2025 - 18:38 դիտում

Իսրայելում հրդեհները շարունակում են սպառնալ անտառներին ու դաշտերին՝ չնայած հրշեջները հաջողությամբ բացել են երկրի երկու հիմնական քաղաքները կապող գլխավոր ճանապարհը, գրում է The Guardian-ը։ Երուսաղեմ-Թել Ավիվ գլխավոր մայրուղում չորեքշաբթի բռնկված հրդեհներից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, ինչի հետևանքով ոստիկանությունը փակել է մայրուղին և մոտակա համայնքներից տարհանել հազարավոր մարդկանց։ Հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները Երուսաղեմից մոտ 19 մղոն (30 կմ) արևմուտք, իսկ Իսրայելի ամենահայտնի հեռուստաընկերությունը՝ Channel 12-ը, լրատվական թողարկման ժամանակ հարկադրված անջատել է հեռարձակումը քաղաքից շուրջ 10 մղոն հեռավորության վրա գտնվող ստուդիայից։ Հրդեհները բորբոքող ուժեղ քամիները ստիպել են չեղարկել 1948 թվականին Իսրայելի հիմնադրմանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Նախատեսված միջոցառման փոխարեն ցուցադրվել է ջահը վառելու արարողության՝ նախապես ձայնագրված փորձը: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ասել է, որ անտառային հրդեհները «կլիմայական ճգնաժամի մի մասն են, որը երբեք չպետք է անտեսվեն»։ Լրատվամիջոցը գրում է, որ տոնակատարություններն արդեն իսկ հակասություններ էին առաջացրել՝ այն բանից հետո, երբ նախարարները որոշ միջոցառումների ժամանակ քննադատության էին ենթարկվել ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում պահվող բոլոր պատանդներին վերադարձնել չկարողանալու համար, իսկ երեքշաբթի աջակողմյան ակտիվիստները հարձակվել են սինագոգի վրա, որտեղ ցուցադրվում էր արաբա-իսրայելական համատեղ հիշատակի միջոցառում։ Քաղաքական լարվածությունը բարձր է մի քանի անհանգիստ շաբաթներից հետո, որոնք ուղեկցվել են բողոքի ալիքներով և Նեթանյահուի ու Շին Բեթի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի միջև հանրային բախումով։ Հերցոգը կոչ է արել վերջ դնել Իսրայելում «բևեռացմանը»։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ զորքերն օգնում են Երուսաղեմում և այլ կենտրոնական շրջաններում հրդեհաշիջման աշխատանքներին։ Բժշկական փրկարարական ծառայությունն էլ հայտնել է, որ չորեքշաբթի բուժօգնություն է ցուցաբերել 23 մարդու, որոնց մեծ մասը ծուխ ներշնչելու և այրվածքների պատճառով է։ Ըստ հանրային հեռարձակող Kan-ի՝ վիրավորվել է 17 հրշեջ։ Չորեքշաբթի ուշ երեկոյան ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ակնկալվում է Խորվաթիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ռումինիայից և Իսպանիայից հրշեջ ինքնաթիռների ժամանում՝ գործողությանը մասնակցելու համար։ Աջ ծայրահեղական ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը ակնարկել է, որ հրկիզումները, հնարավոր է, միտումնավոր են եղել, չնայած իշխանությունները նման պնդումները հաստատող որևէ ապացույց չեն ներկայացրել։ Հրշեջ-փրկարարական ծառայությունը հայտարարել է, որ լայնածավալ հրդեհների պատճառը դեռևս պարզ չէ։ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ մինչ այժմ ձերբակալվել է 18 մարդ՝ Երուսաղեմի մերձակայքում անտառային հրդեհների բռնկմանը նպաստելու կասկածանքով։ «Հրդեհը պարզ բան չէ, կա վնաս բնությանն ու մարդկանց, և մենք ներկայում կալանքի տակ ենք պահում 18 մարդու, որոնց կասկածում են հրկիզման մեջ, որոնցից մեկը բռնվել է հանցագործության վայրում»,- ասել է Նեթանյահուն։ Ոստիկանության աղբյուրները, սակայն, տեղական լրատվամիջոցներին հայտնել են 3 ձերբակալվածի մասին։ Ավելին, աղբյուրները ենթադրում են, որ երեքն էլ կասկածվում են ոչ թե Երուսաղեմից դուրս տեղի ունեցած զանգվածային անտառային հրդեհներին մասնակցելու, այլ ուրիշ վայրում հրդեհներ առաջացնելու փորձի մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ