Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստում կներառի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձևի նախագիծը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ես Իսրայելի կառավարությանը հաջորդ նիստում կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձև։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտականություն է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում։ Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթ՝ քվեարկության»,- գրել է Սաարը։
