Իսրայելը կրկին հարվածել է Սիրիային: ԶԼՄ-ները գրում են, որ ավիահարվածներ են հասցվել Դամասկոսում և մայրաքաղաքի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտներին և Թուրքիայի հետ կապ ունեցող ուժերին: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ մեկ քաղաքացիական անձ է զոհվել, կան տուժածներ:
Երեկ էլ Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ տեղեկացնելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախին հարվածելու մասին:
Բենիամին Նեթանյահուն և Իսրայել Կացը նշել են՝ սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։
«Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ սպառնալ դրուզների համայնքին»,- նշված է հայտարարության մեջ։
Օրերս տեղեկություններ են տարածվել, որ Դամասկոսի մոտակայքում բախումներ են եղել զինված խմբավորումների և դրուզների ներկայացուցիչների միջև։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը ավելի ուշ հայտնել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու մասին։