Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

2.12.2022 - 22:17 դիտում

«Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված ենք հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը և կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր»,- այս մասին ասել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինարիտուն դեկտեմբերի 2-ին` Ջերմուկ այցի ժամանակ:

Պատգամավորին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը:

Խորհրդարանականներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկի առողջարան, Կեչուտի գերեզմանատուն և ճոպանուղի:

Իսպանացի պատգամավորը նշել է, որ իր երկիր վերադառնալուն պես գործընկերներին կներկայացնի Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի զենքերի կիրառման հետևանքով առողջարանային քաղաքի կրած վնասները և այն ամենը, ինչ տեսել է սեփական աչքերով:

Հյուրերին դիմավորել և սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակն ու խնդիրները ներկայացրել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Ըստ նրա` ներկա պահին իրավիճակը քաղաքում հանգիստ է, սակայն սպառնալիքները մշտապես առկա են:

Տաթևիկ Գասպարյանն ընդգծել է նման այցերի կարևորությունը` նշելով, որ դրանք միջազգային հանրությանը եւս մեկ անգամ իրականությունը ներկայացնելու հնարավորություն են ընձեռում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ