Ջավախքում չեն ուզում Նոր տարի անել․ դիմել են հրավառությունն արգելելու ու գլխավոր տոնածառ չդնելու համար

Հրաչ Սահակյան 5.12.2020 - 02:50
5.12.2020 - 02:50 դիտում

armtimes.com Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում տեղի ունեցածը մեծ ցավ է պատճառել ինչպես ողջ աշխարհի հայերին, այնպես էլ ջավախահայերին։ Նրանք չեն ցանկանում Նոր տարի նշել, առաջարկում են ամենաթեւթեւ սեղանը գցել, երեխաների համար նվերներ պատրաստել ու վերջ։

Ջավախահայերի ճնշող մեծամասնությունը դեմ է նաեւ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում գլխավոր տոնածառ տեղադրելուն։ Սոցիալական ցանցերում տարբեր քննարկումներ են ծավալվում, որտեղ բոլորը միաբերան կողմ են տոնը չնշել ու հարգել Արցախում ընկած մեր զոհերի հիշատակը։

Վրաստանում գործող լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ մի քանի օր առաջ, երբ Ախալքալաքի քաղաքապետարանի սակրեբուլոն (ինչպես Հայաստանում՝ ավագանին) քննարկել է ամանորյա տոների համար բյուջեից գումար հատկացնելու հարցը, լուրը հրապարակվելուն պես այն զայրույթի ու քննադատությունների ալիք է բարձրացրել։ Ախալքալաքի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունը դիմել էր 14 100 լարիի (մոտ 5000 ԱՄՆ դոլար) համար։ Գումարը հատկացվելու էր քաղաքի ամանորյա լուսավորության, զարդարանքի եւ հրավառության համար:

Քննադատությունների ու ամոթանքի տեղատարափից հետո ամանորյա տոնակատարության համար գումար չի հատկացվել: Ախալքալաքի սակրեբուլոն 2020 թվականի բյուջեի փոփոխությունների փաթեթը լրամշակման համար վերադարձրել է քաղաքապետարան:

Փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններում սակրեբուլոյի անդամները նշել են, որ պահանջվող գումարը պետք է հնարավորինս կրճատվի՝ թողնելով միայն տոնածառի տեղադրման եւ ապամոնտաժման համար ծախսերը:

Երեկվանից Ջավախքի երիտասարդական թիմը հայտարարություն է տարածում սոցիալական տարբեր հարթակներում, դիմում են հատկապես շրջանների ղեկավարներին, խնդրելով հաշվի նստել հանրության ցանկության հետ ու չեղարկել միջոցառումները։

«Մենք՝ ջավախքցիներս, հայտնում ենք, որ չենք ցանկանում այս տարի տոնածառ տեղադրվի Ջավախքի հայաբնակ քաղաքների եւ գյուղերի կենտրոններում, ինչպես նաեւ չենք ցանկանում, որպեսզի անցկացվեն տոնական միջոցառումներ, հնչի երաժշտություն, լինի հրավառություն, պայթուցիկ նյութեր»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ