Ինչպես և որտեղ կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մուտքագրել անչափահաս երեխաների տվյալները. վարչապետի մամուլի քարտուղարի պարզաբանումը

7.10.2023 - 14:15 դիտում

 

Եթե չափահաս անձանց հետ գործընթացն ավելի դյուրին է՝ ընդամենը պետք է ունենալ բանկային քարտ կամ քարտային հաշիվ, և հատկապես այս դեպքում այդ տվյալը Միասնական սոցիալական ծառայություն այլևս պետք չէ ներկայացնել, քանի որ ինքնաշխատ եղանակով այն փոխանցվում է, ապա գործընթացը պարզաբանման կարիք ունի, եթե ընտանիքում կա անչափահաս երեխա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Հիշեցնենք՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք, անկախ տարիքից, ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար: Միանվագ աջակցությունը ստանալու համար տեղահանված անձը պետք է պարտադիր հաշվառված լինի:

«Եթե երեխաների համար դիմում լրացնելու անհրաժեշտություն ունեք, պետք է մուտք գործել DIMUM.SSA.AM կայքը, որտեղ պետք է լրացնել բացառապես անչափահասների տվյալները:

Բացված համապատասխան դաշտում պետք է սեղմել կոճակը և մուտքագրել էլեկտրոնային հասցեի տվյալները, այնուհետև համապատասխան ծածկագիրը կուղարկվի ձեր էլեկտրոնային հասցեին, որից հետո արդեն բացված դաշտում պետք է ներառել երեխայի տվյալները, մոր դեպքում ներբեռնել նաև ծննդյան վկայականը, եթե խնամակալ է, նաև խնամակալությունը հաստատող փաստաթղթերը, այնուհետև լրացնել բոլոր տվյալները և սեղմել մուտքագրումը:

Այս գործընթացից հետո Միասնական սոցիալական ծառայությունը մշակելու է բոլոր տվյալները, որից հետո՝ մեկ-երկու օրվա ընթացքում, արդեն նույնականացման դեպքում երեխայի գումարը փոխանցվելու է մոր կամ օրինական ներկայացուցչի, այսինքն՝ խնամակալի քարտային համարին, որը Կենտրոնական բանկի կողմից ներկայացված է»,- տեղեկացրեց Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով՝ եթե որոշակի դժվարություններ են առաջանում մուտքագրման ընթացքում, կամ տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել մուտքագրումը, ապա ԼՂ մեր հայրենակիցները կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության որևէ մասնաճյուղի ու այդկերպ մուտքագրել տվյալները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է ժամանել Հայաստան, ներկայումս իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթաց:

Ըստ Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տվյալների՝ այս պահին 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանք հաշվառված և նույնականացված են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ