Ի՞նչն է ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգում խնդիրների պատճառը. քննարկում ՀԾԿՀ-ում

Աննա Կոստանյան 24.06.2021 - 17:35
24.06.2021 - 17:35 դիտում

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ներկայացնում ենք Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը.

«Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր հանդիպում «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների և ջրի ցածր ճնշման հետ կապված հարցերը:

Քննարկման արդյունքում կողմերը հայտնեցին, որ նշված խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես մեխանիկական (պոմպակայանների միջոցով մղվող) ջրարտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի, որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում: Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ՝ իրավիճակը կայունացնելու համար:

Նպատակ ունենալով սպառողներին զերծ պահել նմանատիպ անհարմարություններից՝ կողմերը պայմանավորվեցին, որ այսուհետ ցանկացած տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում կձեռնարկեն համատեղ միջոցառումներ՝ դրանք սեղմ ժամկետում կարգավորելու նպատակով»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ