Իմ լիազորություններից մինիմալ անգամ չեմ շեղվել. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազի միջնորդության մասին

4.07.2025 - 15:06 դիտում

Տարբեր զգացողություններ էի ունենում, երբ լսում էի դատախազի ելույթը, այնուհետև հարցուպատասխանը: Մի պահ ջղայնացա, մի պահ հանգստացա, որովհետև հասկացա, որ, ամենայն հավանականությամբ, իրավական տեսակետից ՀՀ գլխավոր դատախազին կա՛մ ճիշտ չեն զեկուցել, կա՛մ պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել այս գործի մանրամասների մասով: Այդ մասին Ազգային ժողովում իր  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկման շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Վերագրվում են ինձ բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլ մտադրություններ, որոնք բացարձակ տեղ չունեն»,- հայտարարեց Մինասյանը:

Պատգամավորը հիշեցրեց՝ 2016-ի սեպտեմբերի 27-ին է նշանակվել ՀՀ բնապահպանության նախարար, և առաջին ամսվա հիմնական անելիքը եղել է ոլորտի խնդիրներին ծանոթանալը, այդ թվում՝ բոլոր հատուկ պահպանվող տարածքների մասով, իսկ այդպիսի տարածքները ՀՀ-ում 310 հազար հեկտար են կազմում: Ըստ Մինասյանի՝ միայն «Սևան» ազգային պարկում խորհրդային ժամանակներից կառուցված 4800 ապօրինի շինություններ կային:

Նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո իր առաջին խնդիրը, ըստ պատգամավորի, եղել է անօրինական կերպով հողերի օգտագործումը բացառելը: Որոշվել է՝ հողերի օգտագործման համար պետք է վճարվի, իսկ օգտագործումը պետք է համապատասխանեցվի բնապահպանական կանոններին:

«Որևէ իրավանորմ տիկին դատախազը չի կարող վկայակոչել, որ խախտվել է: Այն բոլոր պնդումները, թե իբր եղել են ձևական, իրականությանը չեն համապատասխանում: Մրցույթը իրականացվել է ըստ գործող կարգավորումների: Որևէ արգելք որևէ անձի նկատմամբ չի եղել: Բնապահպանության նախարարը և նախարարության աշխատակիցները չունեն որևէ իրավական պարտավորություն՝ ստուգելու, պարզելու անձանց փոխկապակցվածության վերաբերյալ: Դա նաև մարդու իրավունքի խախտում է: Չկա այդ իրավունքը, ես ո՞նց պետք է վերցնեմ, ասեմ՝ X անձը Y-ի հետ կապված է»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ Մինասյանը չի տեղեկացրել, որ այնտեղ կա ապօրինի շինություն, պատգամավորը պատասխանեց. «Եթե նշեի, կստացվեր, որ ճանաչում եմ այդ շինությունը, երկրորդ՝ սահմանափակում եմ ապագա մրցույթի մասնակիցներին»:

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի հայտարարությանը, թե Արծվիկ Մինասյանը գիտեր, որ շենք-շինությունները կառուցվել են Սեյրան Օհանյանի կողմից, պատգամավորը պատասխանեց. «Սուտ: Ես ոչ միայն չեմ իմացել, թե ով է կառուցապատել, ավելին, պարոն Օհանյանը կապ ունի՞ կառուցապատման հետ, թե՞ չէ: Ես ընդամենն ասել եմ, որ ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ օգտագործվում է պարոն Օհանյանի կողմից»:

Արծվիկ Մինասյանը նաև հայտարարեց. «Ես իմ լիազորությունների սահմաններում եմ գործել, իմ լիազորություններից մինիմալ անգամ չեմ շեղվել, գործել եմ՝ ելնելով պետության և շրջակա միջավայրի շահերից»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Հարցը քննվում է Ազգային ժողովում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ