Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, X-ում գրել է, որ զղջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր մեկնաբանությունների համար։ Այդ մասին հայտնում է BBC-ն:
«Ես զղջում եմ անցյալ շաբաթ նախագահի մասին իմ որոշ գրառումների համար։ Ես չափն անցել եմ»,- գրել է միլիարդատերը X-ում՝ գրառման մեջ նշելով Թրամփին։
Դրանից մի քանի ժամ առաջ նա վերահրապարակել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրառումն այն մասին, որ Իլոն Մասկը կառավարության արդյունավետության դեպարտամենտում աշխատանքի պատճառով կորցրել է իր կարողության 25 տոկոսը: «Պատրա՞ստ եք սրտանց շնորհակալություն հայտնել Մասկին»,- հարցրել է Վենսը։
Վերջին օրերին Մասկը Թրամփի մասին վիրավորական ոչինչ չի գրել, բայց արտահայտվել է նրա ներգաղթային քաղաքականության օգտին։
Թրամփը դեռևս չի արձագանքել Մասկի ներողությանը։