«իԳործ» ծրագիրն ավարտած մասնակիցների 70 տոկոսը մնացել է Հայաստանում. Զարեհ Սինանյան

Աննա Կոստանյան 10.06.2025 - 17:56
10.06.2025 - 17:56 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Վարչապետը կարևորել է «իԳործ» ծրագրի իրականացումը և նշել, որ ավանդական դարձած այս հանդիպումները տալիս են տարբեր հարցեր քննարկելու, պետական կառավարման համակարգի, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին տպավորություններով կիսվելու հնարավորություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագրի լավարկումը կարող է տեղի ունենալ նախարարությունների և ծրագրի մասնակիցների տպավորությունների, առաջարկությունների, դիտողությունների հիման վրա, երբ նրանք կխոսեն ծրագրի առավելությունների և թերությունների մասին: «Համոզված եմ, որ մենք այդ ճանապարհով էլ գնում ենք»,- ասել է երկրի ղեկավարն՝ ընդգծելով ծրագրի միջոցով պետական կառավարման համակարգ նոր հայացք, նոր գաղափարներ բերելու կարևորությունը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ծրագրի մասնակիցներին հյուրընկալելու համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ այս տարի ծրագրին մասնակցում են 9 երկրներից՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Լիբանան, Հունգարիա, Ղազախստան և Ուկրաինա: Ծրագրի մասնակիցներն աշխատում են կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոնոմիկայի, քաղաքաշինության, շրջակա միջավայրի և այլ բնագավառներում։ Զարեհ Սինանյանը նշել է, որ չնայած ծրագիրը մշակելու ընթացքում իրենց առջև խնդիր էին դրել ապահովել հայրենադարձության 25 տոկոսի թիրախ, սակայն վերջին տարիների ընթացքում «իԳործ» ծրագիրն ավարտած մասնակիցների 70 տոկոսը մնացել է Հայաստանում:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ «իԳործ»-ի շրջանակում պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորություն տալու համար: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով, ներկայացրել առաջարկություններ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են շրջակա միջավայրին, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, ապակենտրոնացմանը, տարածաշրջանային գործընթացներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, ՀՀ կառավարության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ