ԵԽԽՎ-ում «Արտաքին միջամտություն․ սպառնալիք Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությանը» թեմայով նիստին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
Նա մտահոգություն է հայտնել, որ ժամանակակից աշխարհում երկրները բախվում են ապատեղեկատվական արշավների, կիբերհարձակումների, որոնց նպատակն է բևեռացնել և ապակայունացնել բաց հասարակությունները:
«Ավելանում է մտահոգությունն այն մասին, թե ինչպես են TikTok-ը և այլ հարթակներ ազդում ընտրությունների արդյունքների վրա: Varieties of Democracy նախաձեռնությունն արձանագրել է, որ արտաքին միջամտությունն առկա է նաև Հայաստանում», – նշել է Սոնա Ղազարյանը, ընդգծել օրենսդրական համապատասխան նախաձեռնությունների և մեդիագրագիտության զարգացման կարևորությունը:
Նույն թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Նա մտահոգություն է հայտնել, որ մեդիահոսքերի ավելացման, արհեստական բանականության կիրառման, deepfake-ի պատճառով գրանցվում են տարբեր երկրների ներքին գործերին հնարավոր միջամտության դեպքեր։
Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, չեն վերացել նաև ռազմական ճանապարհով տարբեր երկրների գործերին միջամտելու փորձերը: Նա հավելել է, որ հիբրիդային պատերազմները կարող են ավելի վտանգավոր միջավայր ստեղծել աշխարհում։