ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքն առաջընթաց չի գրանցել Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցում: Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրուցել է հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում, գրում է DW-ն:
«Դա բավականին երկար զրույց էր, մենք խոսեցինք շատ բաների մասին, այդ թվում՝ Իրանի, ու ինչպես գիտեք, Ուկրաինայի հետ պատերազմի մասին: Եվ ես գոհ չեմ, առաջընթաց չկա»,- ասել է ամերիկացի ղեկավարը:
Բացի այդ, ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Կիևին։ «Մենք զենք ենք տրամադրում ուկրաինացիներին, աշխատում ենք նրանց հետ և փորձում ենք օգնել նրանց»,- ասել է Թրամփը։
«Գիտեք՝ Բայդենը դատարկել է մեր ամբողջ երկիրը՝ նրանց զենք տալով, մենք պետք է վստահ լինենք, որ ինքներս բավարար չափով այն ունենք»,- նախագահը պարզաբանել է Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, Hellfire հրթիռներ և այլ բարձր ճշգրտության հրետանային զինամթերքի մատակարարումները սառեցնելու որոշումը:
Բրիտանական Financial Times թերթի տվյալներով՝ Թրամփը հուլիսի 4-ին հեռախոսազրույց կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Կրեմլի տվյալներով՝ հուլիսի 3-ին Պուտինի և Թրամփի միջև հունվարից ի վեր վեցերորդ պաշտոնական հեռախոսազրույցը տևել է գրեթե մեկ ժամ։ Քաղաքական գործիչները քննարկել են նաև Սիրիայում, Իրանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հնարավոր անձնական հանդիպման մասին խոսք չի եղել, սակայն, ըստ Ուշակովի, «այդ գաղափարը օդում կախված է»։