Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար. Չավուշօղլուն հայտնել է պատճառը

Աննա Կոստանյան 3.05.2023 - 13:13
3.05.2023 - 13:13 դիտում

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռնում են երրորդ երկրներ։ Այս մասին չորեքշաբթի NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք փակել ենք Հայաստանի համար օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ շարունակվում են «սադրանքները» (չակերտները՝ Tert.am)»,- ասել է թուրք պաշտոնյան:

«Սադրանք» ասելով՝ Չավուշօղլուն նկատի է ունեցել օրերս Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացումը: Հուշարձանի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։

«Մենք չենք ընդունում նման «սադրանքները» (չակերտները՝ Tert.am)։ Ի պատասխան «ահաբեկիչների» (չակերտները՝ Tert.am) հուշարձանի բացմանը, Թուրքիան փակել է երկինքը հայկական ինքնաթիռների համար։ Բացառության կարգով մենք թույլտվություն ենք տվել Հայաստանի խորհրդարանի նախագահի Թուրքիա այցի համար։ Եթե նման գործողությունները շարունակվեն, ապա կհետևեն նոր քայլեր»,- ասել է ԹԷուրքիայի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարդել, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար։

«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ FlyOne Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Չեղարկումն իրականացրել են առանց նախապես իրազեկելու՝ ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ»,- ասել էր FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ