Թուրքիայում 25 հազար մարդ ներգրավված է անտառային հրդեհների մարման աշխատաքում, գործի է դրվել շուրջ 150 միավոր օդային և գրեթե 6 հազար միավոր ցամաքային տեխնիկա՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ երկրի տարբեր նահանգներում հրդեհների մի մասը վերահսկողության տակ է վերցվել:
Հունիսի 1-ից Թուրքիայում գրանցվել է ավելի քան 1560 անտառային հրդեհ, որոնք առաջացնելու մեղադրանքով ձերբակալվել է 31 մարդ:
Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 260 հրդեհ է բռնկվել Թուրքիայի անտառային գոտիներում և գյուղատնտեսական տարածքներում: Հրդեհներ են գրանցվել երկրի արևմտյան մի շարք նահանգներում, այդ թվում՝ Իզմիրում, որտեղ ժամանակավորապես փակվել է միջազգային օդանավակայանը:
Խոշոր հրդեհները գրանցվել նաև Հաթայում, Անթալիայում, Մուղլայում և այլ վայրերում: Կրակի հետևանքով այրվել են տներ, տուժել են մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են: