Թուրքիայի Դիարբեքիր նահանգի 25,000 բնակիչ ունեցող Լիջե քաղաքում ոստիկաններն այրել են 20 տոննա 766 կգ 679 գր կանեփի առգրավված թփեր, ինչի հետևանքով օդը լցվել է կանեփի թանձր ծխով:
Նշվում է, որ օրեր շարունակ բնակիչները չեն կարողացել բաց թողնել պատուհանները, խուսափել են դուրս գնալուց, քանի որ օդում հայտնված նյութերը կտրուկ վատացրել են նրանց ինքնազգացողությունը, առաջացել են գլխապտույտ, սրտխառնոց և հալյուցինացիաները:
Ոչնչացված կանեփի արժեքը կազմում է ավելի քան 261 մլն դոլար։
«Թմրանյութի հոտը պարուրել է թաղամասը օրեր շարունակ։ Մենք չենք կարող բացել մեր պատուհանները. Մեր երեխաները հիվանդացան, անընդհատ հիվանդանոց ենք գնում», – բողոքել է տեղացիներից մեկը :
Նրանք նշել են, որ թեև թմրանյութերի դեմ պայքարում իշխանությունների գրանցած հաջողությունները կարևոր են, սակայն կանեփի ոչնչացման այս եղանակը ճիշտ չէ։ Ոստիկանությանը խորհուրդ է տրվել կանեփը վերացնել հատուկ գործարաններում, որպեսզի ծխի ազդեցությունը տեղի բնակչության վրա չազդի:
«Ինչպես գիտեք, նման խոտաբույսերի ոչնչացումը կամ այրումը կարող է նաև լուրջ թունավորում առաջացնել: Ինչպես ծխախոտը վնասում է պասիվ ծխողներին, երբ օգտագործվում է փակ տարածքում, նման թմրամիջոցներից ազատվող ծուխը կարող է լուրջ անհանգստություն պատճառել մարդկանց: Այն կարող է մարդկանց հարբեցնել, գլխապտույտ, սրտխառնոց և հալյուցինացիաներ առաջացնել», – նշել է մասնագետը: