Թուրքիայի ու ՌԴ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայի ու Սիրիայի հետ կապված հարցեր

Աննա Կոստանյան 8.06.2022 - 13:40
8.06.2022 - 13:40 դիտում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Ըստ թուրքական կողմի տարածած հայտարարության՝ զրույցի հիմնական թեմաները եղել են Ուկրաինայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, քննարկվել են նաև երկկողմ ու տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության կապված հարցեր:

Աքարը շեշտել է, որ Ուկրաինայում զոհերի թվի աճից ու հումանիտար վիճակի վատթարացումից խուսափելու համար շուտափույթ հրադադարի կարիք կա: Քննարկվել են նաև պարենային ճգնաժամի հետ կապված հարցեր, մասնավորապես հացահատիկի, արևածաղիկի ու այլ գյուղմթերթների անվտանգ տեղափոխման (Ուկրաինայից) նպատակով ձեռնարկվելիք միջոցառումները։

Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, ինչի համատեքստում, ըստ թուրքական կողմի հայտարարության, Աքարը հիշեցրել է, որ պետք է հավատարիմ լինել Սիրիայի հյուսիսարևելյան հատվածի (Իդլիբի նահանգի) վերաբերյալ 2019-ին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը:

«Սիրիայի հյուսիսի վերաբերյալ շեշտվել է (Աքարի կողմից), որ տարածաշրջանում ահաբեկչական ներկայությունն անընդունելի է, և պետք է անհրաժեշտ պատասխան տալ այդ տարածաշրջանում կայունությանը խաթարող գործողություններին»,- ասված է հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ