«Թուրքիային կարելի է միայն խորհուրդ տալ հրաժարվել ՌԴ-ի տարածքի մասին երազանքներից». Ղրիմում արձագանքել են թուրքական հեռուստաընկերության եթերում հայտնված աղմկահարույց քարտեզին

Աննա Կոստանյան 13.02.2021 - 12:32
13.02.2021 - 12:32 դիտում

Ռուսաստանի հարավային շրջանների նկատմամբ Թուրքիայի ազդեցության ընդլայնումն անհեթեթ երազանք է, որը գիտաֆանտաստիկայի ժանրի մի պատառիկ է հիշեցնում: Այս մասին հայտարարել է Ղրիմի  ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին   հաղորդում է EurAsiaDaily-ն:

Հայտարարությունը հնչել է ի պատասխան թուրքական TR1 պետական հեռուստատեսության ռեպորտաժի, որի ժամանակ ցուցադրվել է մինչև 2050 թվականը  Անկարայի ազդեցության ոլորտի ընդլայնման վերաբերյալ քարտեզ:

Համաձայն վերոնշյալ քարեզի, Թուրքիայի ազդեցությունը տարածվելու է նաև Ռուսաստանի հարավային շրջաններում: Բացի Ղրիմից այն տարածվելու է նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Կալմիկիայի, Ռոստովի և Աստրախանի տարածաշրջանների և Հյուսիսային Կովկասի հանրապետությունների վրա:

Ըստ ղրիմցի պատգամավորի, Թուրքիան կարող էր իրեն նման քարոզչություն թույլ տալ այն ժամանակ, երբ Ղրիմը Ուկրաինայի կազմում էր գտնվում, սակայն հիմա թերակղզին Ռուսաստանի օրինական մասն է և այդպիսի կուլիսային խաղերը չեն կարող իրականություն դառնալ:

«Ամեն ինչ շատ անհեթեթ է թվում և հիշեցնում է գիտաֆանտաստիկ ժանրի մի պատառիկ: Կարելի է միայն թուրքական կողմին խորհուրդ տալ հրաժարվել Ռուսաստանի տարածքի երազանքներից, այլապես այն կարող է խնդրի առաջ կանգնել այդպիսի անսահման  ախորժակի պատճառով», – ասել է Գեմպելը:

Ըստ քարտեզի, մինչև 2050 թվականը Թուրքիան էապես ընդլայնելու է իր ազդեցության գոտիները միանգամից մի քանի ուղղություններով: Այսպիսով, վերլուծաբանների կանխատեսմամբ, Անկարան կկարողանա ամրապնդել իր դիրքերը Ռուսաստանի հարավային մի քանի շրջաններում, մասնավորապես՝ Ղրիմում, Կուբանում, Կալմիկիայում, Աստրախանի շրջանում և Հյուսիսային Կովկասի հանրապետություններում:

Ենթադրվում է, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի մի շարք տարածքներ, ինչպես նաև Հունաստանը և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները ընկնելու են թուրքական ազդեցության տակ: Բացի այդ, ըստ փորձագետների, կարելի է ակնկալել Թուրքիայի դիրքերի ուժեղացում Պարսից ծոցի երկրներում, Եգիպտոսում և Լիբիայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ