Թբիլիսիում հայերը բազմամարդ երթ են անցկացրել

Գոհար Ստեփանյան 23.10.2020 - 11:34
23.10.2020 - 11:34 դիտում

Վրաստանի հայ քաղաքացիները բողոքի բազմամարդ երթ են անցկացրել Թբիլիսում` ի աջակցություն Արցախին ու Հայաստանին։

Նրանք հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը բացահայտ կերպով լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի վրա` նպատակ ունենալով պատերազմի միջոցով լուծելու արցախյան հիմնահարցը։

Երթի մասնակիցներն անցել են Թբիլիսիի փողոցներով «Արցախը Հայաստան է» և «Ճանաչել Արցախը» գրությամբ պաստառներով։

Ակցիայի կազմակերպիչները հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Պատերազմն առ այսօր ընթանում է և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հաղթել»։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Ադրբեջանը նպատակաուղղված հրթիռակոծում է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ցուցարարները նաև Վրաստանի լրատվամիջոցներից պահանջել են հավատարիմ մնալ Վրաստանի իշխանությունների որդեգրած անկողմնակալության սկզբունքին։ Իսկ վիրահայերին կոչ են արել չենթարկվել սադրանքների։

Բողոքի երթն ավարտվել է հայ առաքելական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ։

Նշենք, որ սա Վրաստանի մայրաքաղաքում հայերի կազմակերպած երկրորդ ակցիան է սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում։

Առաջին հանրահավաքը կազմակերպվել էր հոկտեմբերի 1-ին վրացական «Մթավարի» հեռուստաընկերության շենքի մոտ` արդար լուսաբանման պահանջով։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ