Ընտրություններն անցնում են նորմալ պայմաններում. 33/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Աննա Կոստանյան 26.03.2023 - 14:16
26.03.2023 - 14:16 դիտում

Շիրակի մարզի 19 բնակավայր միավորող, 21 հազար բնակչություն ունեցող Անի խոշորացված համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15 918 է։

Մարալիկի 33/03 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Ամալյա Խաչատրյանը «Լուրերի» թղթակցին հայտնեց, որ ընտրատեղամասում կա 1730 ընտրող, ժամը 13.00-ի դրությամբ քվեարկել է 452 ընտրող։

«Ընտրատեղամասում ընտրություններն անցնում են նորմալ պայմաններում։ Այս ժամին ակտիվությունը շատացել է։ Մեկ խախտում ունենք. մարդը սխալվել էր՝ երկու քվեաթերթիկ էր բերել, վերջին պահին ասաց. արդեն կարգավորել ենք։ Արտասահմանյան դիտորդներ ունենք, լրագրողներ ունենք»,-ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան), «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան), «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները (Արման Սարիբեկյան):

Այս ուժերից երեքը մասնակցել են նախորդ ընտրություններին, պայքարին նոր է միացել միայն «Իմ հզոր համայնքը»:

Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանը՝ ձայների 49 տոկոսը հավաքելով, սակայն իշխանության գալու համար ավագանու 3 անդամի ձայն էր պակասում:

«Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ