Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 24.08.2021 - 10:41
24.08.2021 - 10:41 դիտում

Ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար. Հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:

«Հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունը, դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է մեր երկիրը: Համենայն դեպս, մեր քաղաքական թիմը տրամադրված է այդպիսի քննարկման, որտեղ բացակա է վիրավորանքն ու հայհոյանքը, հնարավորինս քիչ է աղմուկը և հնարավորինս շատ է փաստարկը, վերլուծությունը, այո, քննադատությունը, որը, սակայն, բանավեճ է ենթադրում և ոչ թե վիճաբանություն»,-ասաց Փաշինյանը:

Վերը նկարագրվածի ֆոնին Փաշինյանն արձանագրեց, որ պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով ձեռքբերումներ կան:

«Հանուն լավատեսական նոտայով սկսելու անհրաժեշտության, պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մենք կարևոր ձեռքբերում ենք ունեցել մեր պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով, և բազմամյա չլուծված օրակարգեր ի վերջո անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով:

Դեռ ավելին, ընտրությունների ինստիտուտը ՀՀ-ում նորովի դրսևորվեց 2021 թվականին: 3-րդ Հանրապետության պատմության միջին վիճակագրական ընտրական ստանդարտը հետևյալն էր՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետևում էին իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր: Այդ ամենը զուգորդվում էր հանրային, քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2021 թվականի արտահերթ խորհրդաանական ընտրություններն հակառակ ազդեցությունն ունեցան: «Ընտրությունների արդյունքներով՝ հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ