Էրդողան. «Մենք «այո» չենք ասի Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»

Աննա Կոստանյան 18.05.2022 - 10:37
18.05.2022 - 10:37 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կրկին խոսել է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու նախաձեռնության նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքի մասին: Լրագրողը հետաքրքրվել է Էրդողանից, թե Թուրքիան ինչ ակնկալիքներ ունի այդ հարցում այն դեպքում, երբ սպասվում է բարձրաստիճան պաշտոնյաների այց Անկարա Շվեդիայից ու Ֆինլանդիայից։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահը նախ տեղեկացրել է, որ արտգործնախարարների մակարդակով արդեն իսկ որոշ քննարկումներ կայացել են այդ երկրների հետ, ապա մեղադրել Շվեդիային ու Ֆինլանդիային «ահաբեկչության վերաբերյալ հստակ դիրքորոշում չունենալու» մեջ՝ նկատի ունենալով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) որոշ համակիրների ապաստանելն այդ երկրներում:

Էրդողանը նաև նշել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունները կայցելեն Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության գործընթացը, սակայն դա չի փոխի Անկարայի դիրքորոշումը: Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող հավատալ Ֆինլանդիայի ու Շվեդիայի հավաստիացումներին, եթե նրանք ասեն, որ չեն աջակցելու «ահաբեկիչներին», քանի որ այդ երկրները բազմիցս հայտարարել են, որ չեն արտահանձնելու այնտեղ գտնվող «ահաբեկիչներին»:

«Գալիս են մեզ հակառակը համոզելո՞ւ։ Թող իրենց նեղություն չտան։ Թուրքիան «այո» չի ասի մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների անդամակցությանը։ Մենք չենք կարող «այո» ասել։ Այդ դեպքում ՆԱՏՕ-ն չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հանրավոր չէ դրան «այո» ասել, թող չնեղանան»,- եզրափակել է Էրդողանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ