Զրահաբաճկոնների և սաղավարտների թեման, կամ ինչի՞ համար են ցեխ շպրտում Դավիթ Տոնոյանի վրա

Հրաչ Սահակյան 30.11.2020 - 21:35
30.11.2020 - 21:35 դիտում

 Sputnik. Հայկական տեղեկատվական դաշտում հայտնվել են երկրի նախկին պաշտպանության նախարարի անվան հետ կապված աղմկահարույց պատմության մանրամասները։ Խոսքն արցախյան պատերազմից առաջ Սերբիայից զրահաբաճկոնների և սաղավարտների մատակարարման՝ իբրև թե նրա մեղքով չկայացած խոշոր գործարքի մասին է։

 Հայկական կայքերում և սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ սերբական Mile Dragic ընկերությունը մի քանի ամիս առաջ Ադրբեջանից 40 հազար սաղավարտի և նույնքան զրահաբաճկոնի մատակարարման պատվեր է ստացել։ Նշված ընկերության տնօրենը կապ է հաստատել տեղի հայ համայնքի հետ և պատմել Բաքվից նման պատվերի ստացման մասին։ Ընկերության ղեկավարը հասկացրել է, որ դեմ չէ այդ արտադրանքը իրացնել բարեկամական Հայաստանում՝ ավելի ցածր գներով։

Հայ համայնքի ներկայացուցիչներն իբր թե կապվել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ Դավիթ Տոնոյանի հետ և հայտնել այդ առաջարկի մասին։ Նախարարը հրաժարվել է, ինչից հետո այդ զրահաբաճկոններն ու սաղավարտները Թուրքիայով մատակարարվել են Ադրբեջանին։

Հաշվի առնելով այն, որ թեման աղմկահարույց է (ինչը միանգամայն հասկանալի է Արցախում վերջին պատերազմի ֆոնին), Sputnik Արմենիայի վերլուծաբանը որոշեց ստուգել այդ հաղորդագրությունների հավաստիությունը՝ դիմելով անմիջապես սերբական ընկերությանը։

Խմբագրության պաշտոնական հարցմանն ի պատասխան սերբական ընկերության սեփականատեր Միլե Դրագիչը հայտնեց, որ իրենք Ադրբեջանից որևէ տեսակ արտադրանքի մատակարարման պատվեր չեն ստացել։ Բացի այդ, Mile Dragic ընկերությունը Բաքվի հետ երբեք պայմանագրային հարաբերություններ չի ունեցել։ Դրագիչը հերքեց նաև հայ համայնքին դիմելու մասին հաղորդումները։

Ավելին, հաշվի առնելով արտադրանքի տեսակը, արտադրական գործընթացի առանձնահատկություններն ու օգտագործվող նյութերը, պատրաստի արտադրանքի նմանատիպ ծավալների (40 հազար սաղավարտ և նույնքան զրահաբաճկոն) պաշարների առկայությունը պահեստում բացարձակապես ձեռնտու չէ։ Նրա ղեկավարած ձեռնարկությունում այդպիսի պաշարներ պարզապես չկան։

Դրագիչը նաև պարզաբանեց, որ Արցախում ռազական հակամարտության սկսվելուց հետո սերբական ընկերությունը ռազմական նշանակության արտադրանք չի մատակարարել կողմերից ոչ մեկին։

«Սերբական կողմի պատասխանն, անկասկած, սպառիչ է։ Բայց խնդիրն այն է, որ այդ բոլոր խոսակցություններն ու ասեկոսեները նշանակալի հարված են հասցնում բանակի հեղինակությանը, որը երկրի ամենակայացած ինստիտուտներից մեկն է համարվում»,-Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Նրա խոսքով՝ ձգտելով «խորտակել» նախկին նախարարին, այդ հարձակումների հեղինակներից շատերը, ցավոք, մոռանում են, որ այդպիսի տեղեկատվական արշավի կողմնակի ազդեցություններից մեկը երկրի Զինված ուժերի հեղինակազրկումն է դառնում, և որ ոչ մի դեպքում չի կարելի «ջրի հետ միասին երեխային էլ պատուհանից դուրս նետել»։

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարվեց նոյեմբերի 20-ին՝ Արցախում հաստատված հրադադարից 10 օր անց։ Մեր աղբյուրներն այն ժամանակ հայտնում էին, որ դա նրա որոշումը չի եղել։ Ինքը` Տոնոյանն իր ուղերձում պնդում էր, որ իր համար կրկնակի բարդ է հեռանալ այսքան ծանր պահին, բայց ստեղծված իրավիճակը պահանջում է ցրել լարվածությունը, և ինքը կուզենար, որ իր հրաժարականն ընկալվեր հենց այդ իմաստով։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ