Զարիֆը պատմել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի առաջարկած ծրագրի մանրամասների մասին

Գոհար Ստեփանյան 1.11.2020 - 13:33
1.11.2020 - 13:33 դիտում
Ղարաբաղում խաղաղություն հաստատելու Իրանի ծրագիրը միտված է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Իրանի պետական հեռուստատեսության եթերում նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության հենց սկզբից Իրանը բանակցություններ է վարում Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ:
«Մենք կարծում ենք, որ պատերազմն ամենամեծ վնասը կտա տարածաշրջանի երկրներին, ուստի այդ երկրները կարող են ամենամեծ ազդեցությունն ունենալ պատերազմի ավարտի վրա: Այս համատեքստում մենք բանակցություններ ենք վարում», – ասել է՝ նշելով, որ Իրանի նախաձեռնությունը չի փորձում մրցակցել կարգավորման այլ մեխանիզմների հետ, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Նա նշել է, որ, ցավոք, անցած 30 տարիների բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել, և նման լարվածությունը շարունակվում է իրենց սահմանների մոտ:
Խոսելով Իրանի քաղաքական արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչիի տարածաշրջանային շրջագայության մասին՝ Զարիֆն արդյունավետ է որակել այդ բանակցություններն Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի իշխանությունների, ՀՀ վարչապետի և Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ:
«Մեր ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չի վերաբերում բացառապես ժամանակավոր հրադադարի, այլ նպատակ ունի լուծել տարաձայնությունները՝ հիմնվելով մի շրջանակի վրա, որը կպահպանեն երկու կողմերն էլ՝ որոշակի սկզբունքների պարտավորությունից հետո», – ասել է նա:
Ըստ նրա՝ Իրանի նախաձեռնության այլ ասպեկտների թվում են մարդկանց իրավունքների ապահովումը, տեղաշարժման ուղիներ ստեղծումը և տարածաշրջանի երկրներին հսկումը խաղաղության ծրագրի իրականացման շուրջ: Նա նշել է, որ Թեհրանն ակնկալում է պատասխան Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից՝ իր նախաձեռնության վերաբերյալ:
Զարիֆն անտանելի է անվանել ահաբեկիչների ներկայությունն Իրանի սահմանների մոտ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ