Զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Փաշինյան

Աննա Կոստանյան 13.06.2024 - 12:31
13.06.2024 - 12:31 դիտում

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Երեկ էլ եմ ասել, ասօր էլ եմ ուզում ասել, որ խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել, խղճահարության վրա իրավակարգ չի կարելի կառուցել, պետություն չի կարելի կառուցել: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 13-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին խորհրդարանի հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձություններին:

«Ես՝ որպես 4 քրեակատարողական հիմնարկներում 1 տարի 11 ամիս անցկացրած մարդ, ասեմ, որ այնտեղ գտնվող բոլոր մարդկանց հետ կապված կան շատ պատմություններ՝ անձնական պատմություններ, անձնական ողբերգությունների պատմություններ, որոնք խղճմտանք կարող են առաջացնել, և որոնց վրա կարելի է լացել, բայց մենք պետք է ընտրություն կատարենք՝ մենք ուզում ենք լացե՞լ, թե՞ ուզում ենք պետություն կառուցել: Ցավոք, մենք շատ հաճախ այս, այն, երրորդ, չորրորդ առիթներով այս ընտրությունը կատարում ենք հօգուտ լացելու, որովհետև ամեն դեպքի տակ կա մի պատմություն, որը, մեծ հաշվով, այո՛, կարող է լացացնել, բայց մեր ընտրությունը պարզ է՝ մենք ուզում ենք լացե՞լ, թե՞ պետություն կառուցել»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտարարեց, որ օրենքի և օրինականության ուժով գործող իշխանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պետությունը պաշտպանելու համար:

«Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն, մենք կլինենք սիրող և «ենք» սիրող, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետև թույլ իշխանությունն աղետ է պետության համար: Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն, և մենք լեգիտիմության, օրենքի և օրինականության ուժով կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները պետությունը, հանրությանը, ժողովրդավարությունը, անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար, և սրանում, հույս ունեմ, որ տարընթերցում չկա»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ