Զախարովան խոսել է ԼՂ խնդիրը քաղաքական տարբերակով լուծելու անհրաժեշտության մասին

Աստղիկ Խաչատրյան 26.05.2021 - 19:19
26.05.2021 - 19:19 դիտում

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի ձևաչափը միջազգային մեծ աջակցություն ունի:

Զախարովան հիշեցրել է 2021 թվականի ապրիլի 13-ին համանախագահ երկրների հայտարարությունը, որում ընդգծվում էր «ղարաբաղյան հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման հասնելուն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը»:

«Այս առումով Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվել առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը ` համանախագահների հովանու ներքո: Ընդգծվել են հարցերը, որոնց լուծման համար հավելյալ ջանքեր են հարկավոր: Դրանց թվում են ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձը` միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղի հասանելիության սահմանափակումների վերացումը, այդ թվում և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը, հակամարտությունից տուժած համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության ընդլայնումը և մարդկանց միջև վստահության ամրապնդումը»,- նշել է Զախարովան՝ ընդգծելով, որ Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները, հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, շարունակում են առարկայական մնալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ