Երևույթին տրված մտացածին մեկնաբանությունները դատարկաբանություններ են. Արցախի դատախազությունը` Աղավնոյում և Բերձորում տների հրկիզումների մասին

Աննա Կոստանյան 30.08.2022 - 16:42
30.08.2022 - 16:42 դիտում
Արցախի դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոսին Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց:
«Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու հայտարարություններ, որոնց ի պատասխան հայտնում ենք հետևյալը.
Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ Արցախի իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել միատեսակ մոտեցում և քրեադատավարական գործընթաց իրականացնել օրենքով սահմանված առիթների ու հիմքերի առկայության դեպքում, ինչը ենթադրում է դեպքի հանգամանքների հետազոտություն և համապատասխան դատավարական որոշման ընդունում (դեպքի ու դրա հետևանքների հետազոտությունը կարող է տեղի ունենալ բացառապես Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով):
Նույնպիսի մոտեցում ցուցաբերվել է նաև քննարկվող դեպքերի առնչությամբ, որոնց առթիվ նախապատրաստված նյութերով իրականացվել են անհրաժեշտ դատավարական ստուգումներ և առաջիկայում կընդունվեն քրեական գործի հարուցման փուլը եզրափակող դատավարական որոշումներ:
Երևույթին տրված մտացածին մեկնաբանությունները և դրա կապակցությամբ արվող հայտարարությունները պարզագույն դատարկաբանություններ են, հայրենասեր ներկայանալու, ինքնահաստատվելու և իրավապահ մարմինների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու «անշուք» փորձեր»,- նշված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ