Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մայիսի 24-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմենակյան փողոցի 121 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցում ազգությամբ չինացի քաղաքացիները գողացել են 40 հազար ԱՄՆ դոլար։
Քրեական վարչության ծառայողներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Բիաո Սիաոն հայտնել է, որ մայիսի 19-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում քաղաքացիներ 56-ամյա Ճգուի Զենգը և 56-ամյա Սիաոհուս Ճունը խաբեությամբ իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար ԱՄՆ դոլար և 4 հազար լարի։
Ոստիկանները Ճ. Զենգին և Ս. Ճունին Արմենակ Արմենակյան փողոցի 121 հասցեից խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Երևանի քրեական վարչություն, որտեղ անձնական խուզարկություններով Ճ. Զենգի մոտից հայտնաբերվել է 37 հազար 200 ԱՄՆ դոլար և 10 հազար դրամ, իսկ Ս. Ճունի մոտից՝ 48 հազար դրամ։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։