Երևան քաղաքի ավագանու՝ 2024 թվական դեկտեմբերի 24-ի որոշմամբ բնակելի նպատակային նշանակության շենք-շինություններում աղբահանության վճարի դրույքաչափի մեթոդի սահմանումից հետո աղբահանության վճար վճարողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով առաջարկվում է սահմանել աղբահանության վճարի արտոնություն որոշակի խմբերի անձանց համար, ինչպես նաև ամսական մինչև 5 կիլովատտ էլեկտրաէներգիա սպառող և ավելի մեծ մակերեսով, այսինքն՝ միջինացված ցուցանիշը գերազանցող բնակելի նշանակության շենքերի և շինությունների սեփականատերերի համար: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ ապրիլի 22-ի նիստին ասաց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ ներկայացնելով տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին նախագիծը:
«Առաջարկվում է Արցախյան պատերազմների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին պատկանող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբահանության վճարի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ՝ տրամադրելով 100 տոկոս արտոնություն:
Առաջարկվում է նաև պետական նպաստների մասին օրենսդրության իմաստով միայնակ չաշխատող կենսաթոշակառու համարվող անձանց պատկանող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբահանության աշխատանքները կատարելու դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ տրամադրելով ևս 100 տոկոս արտոնություն»,- ասաց նա:
Առաջարկվող մյուս փոփոխությունը, ըստ Դավիթ Հակոբյանի, վերաբերում է ամսական մինչև 10 կիլովատտ էլեկտրաէներգիա սպառող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբահանության վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն՝ տեղական վճարի զրոյական դրույքաչափի կիրառմամբ տրամադրելով 100 տոկոս արտոնություն, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղբի առաջացումը պայմանավորված է տվյալ տարածքում բնակվող անձանց գործունեությամբ: Արտոնության տրամադրման հիմքում հաշվի է առնվել երկու հանգամանք. առաջինը՝ Երևանում բնակարանների միջին մակերեսը, որը շուրջ 70 քառակուսի մետր է, դրանից ելնելով՝ 65 քառակուսի մետրը գերազանցող բնակարանների մասով տրամադրվում է արտոնություն, իսկ երկրորդն այն է, որ բնակելի մակերեսի մեծացմանը զուգընթաց բնակվող անձանց թիվը չի ավելանում նույն համաչափությամբ:
«Դրանից ելնելով՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար նախատեսվում է սահմանել 50 տոկոսի չափով արտոնություն, իսկ անհատական բնակելի տների համար 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր մակերեսի համար՝ 75 տոկոս արտոնություն: Առանձին կանգնած ավտոտնակների համար, առանձին շինությունների համար ևս կտրամադրվի 100 տոկոս արտոնություն:
Այսպիսով, հաշվի առնելով, որ մինչև 90 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանները կազմում են ընդհանուր բնակարանային ֆոնդի մոտ 90 տոկոսը, կարող ենք եզրակացնել, որ բնակարանների սեփականատերերի շուրջ 90 տոկոսի համար աղբահանության վճարը կտատանվի 300-1000 դրամի սահմաններում, իսկ անհատական բնակելի տների համար՝ միջինում 500-1300 դրամի սահմաններում»,- ասաց նա: