Երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն ընթացքի մեջ են․ Չավուշօղլու

Աստղիկ Խաչատրյան 10.04.2023 - 23:08
10.04.2023 - 23:08 դիտում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն A Haber-ի ուղիղ եթերում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Հարաբերությունների կարգավորման համատեքստում պատասխանելով փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հավանականության մասին հարցին՝ Չավուշօղլուն պատասխանել է.

«Առաջիկայում` կարճաժամկետ կտրվածքում, դա կարող է չլինել։ Նախ պետք է մյուս քայլերը անենք։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ եկավ Թուրքիա։ Նրա հետ այստեղ մեր նախարարությունում հանդիպեցինք»,- նշել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ թուրքական կաղմի համար կարևոր է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող գործընթացը, և Անկարան աջակցում է կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Թուրքիայի ԱԳ նախարարը կարևորել է նաև տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային նախագծերի իրականացումը՝ ընդգծելով, որ այժմ Արևելք-Արևմուտք` «Միջին» միջանցքը կենսական նշանակություն է ձեռք բերել։

«Այն բանից հետո, երբ Հյուսիսային միջանցքը դադարեց լինել այլընտրանք, այստեղ պետք է քայլեր անենք այնպես, որ դա բխի բոլորի շահերից։ Մենք էլ, ինչպես գիտեք, Հայաստանի հետ մեր օդային տարածքը բացեցինք, բեռնափոխադրումները սկսեցինք, փոխադարձ թռիչքներն էլ մեկնարկեցին։ Երբ ասում ենք` մեր օդային տարածքը բացեցինք, նկատի ունենք, որ մեր օդային տարածքով Հայաստանի ավիաընկերությունները երրորդ երկրներ էլ են կարողանում թռչել»,- ասել է Չավուշօղլուն։

Ցամաքային սահմանի բացմանը վերաբերող հարցին նա պատասխանել է, որ այն բացվել է ինչպես վերջին երկրաշարժի ժամանակ, այնպես էլ 1999-ի երկրաշարժի ժամանակ։

«Հիմա նախ և առաջ, որպեսզի այդ սահմանադուռը հնարավոր լինի բացել, քաղաքական պայմանների հետ միասին անհրաժեշտ է ամբողջացնել և վերանորոգել այն, ինչպես նաև ճանապարհները և կամուրջները, քանի որ տարիներ շարունակ դրանք չեն օգտագործվել։ Բացի այդ, պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջ կա, գիտեք, 9 դար առաջ է կառուցվել, մի ոտքը հայկական կողմում է, մյուսը՝ թուրքական։ Այս կամրջի վերակառուցման հետ կապված էլ համաձայնության ենք հասել Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցի շրջանակում»,- նշել է թուրք դիվանագետը։

Չավուշօղլուի խոսքով՝ որպեսզի այս սահմանադուռը դիվանագիտական անձնագիր ունեցողների կամ երրորդ երկրների քաղաքացիների համար բացվի, պետք է անհրաժեշտ ֆիզիկական պայմանները ապահովվել։

«Այս ուղղությամբ տեխնիկապես աշխատանքներ են կատարվում։ Յուրաքանչյուր կողմի իր աշխատանքներն է կատարում։ Իրականացվում են նաև համատեղ որոշ աշխատանքներ, տեղում ուսումնասիրություններ։ Մեր տարբեր նախարարություններից մասնագետներ են գնում, աշխատանքները շարունակվում են»,- ասել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ