Երկրում բացառեցինք հակաօրինական ցանկացած երևույթ. Արցախի ՆԳ նախարարն ամփոփել է աշխատանքային մեկ տարին

Աննա Կոստանյան 26.01.2022 - 11:51
26.01.2022 - 11:51 դիտում

Մեկ տարի առաջ՝ հունվարի 26-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախում ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը, որի կառուցվածքում միավորվել են Արցախի ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ամփոփել է անցած տարին՝ ներկայացնելով արված աշխատանքները։

«ՆԳ նախարարությունը կազմավորվեց Արցախի համար վճռորոշ ժամանակաշրջանում, երբ պատերազմից հետո օրակարգում անվտանգության ապահովման հարցն էր: Մի կողմից անհրաժեշտ էր պատերազմի հետևանքները վերացնել հավանական սպառնալիքներից, մյուս կողմից՝ փրկարար-որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախի գրավյալ տարածքներում, դրան զուգահեռ՝ կյանքը հունի մեջ գցելու առաջադրանք կար:

Մեկ տարվա ընթացքում կատարված համատեղ թիմային աշխատանքը մեզ վերստին ոտքի կանգնեցրեց և շնորհիվ գերատեսչության ծառայողների՝ առաջ նայելու հնարավորություն ընձեռեց:

Գիտակցելով, որ հետպատերազմյան իրավիճակում Արցախի և մեր հայրենակիցների անվտանգության պատշաճ ապահովումը նաև ներքին գործերի նախարարության պատասխանատվության ներքո է, ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողներն արեցին անգամ անհնարինը: Սա մի առաքելություն էր, որը կատարեցինք պատվով ու կշարունակենք ծառայել արժանապատվությամբ:

Ի՞նչ ենք հասցրել անել անցած մեկ տարվա ընթացքում: Նախ, 2021 թվականի հունվարի 26-ին, ԱՀ նախագահի հրամանագրով, ոստիկանության և ԱԻՊԾ ղեկավար պաշտոններում նշանակվեցին մարդիկ, ովքեր աշխատանքային փորձով և մարդկային արժանիքներով ոչ միայն պահպանեցին ծառայությունների ավանդույթները, այլև աշխատանքը դարձրին ավելի արդյունավետ:

Երկրում բացառեցինք հակաօրինական ցանկացած երևույթ և առաջնորդվեցինք այն պարզ կարգախոսով, որ օրենքն Արցախում հավասար է բոլորի համար, և որ քաղաքացին փաստացի բարձրագույն արժեք է, իսկ նրա իրավունքների պաշտպանությունը՝ իշխանության առջև դրված առաջնային խնդիր:

Ինձ համար սկզբունքային է նաև թիմային մտածողությունը, հասարակության հանդեպ սրտացավությունը և հայրենիքին անվերապահ նվիրումը: Մեր կարևորագույն գերնպատակներից մեկն է, որ ժողովրդավարական հասարակություն և ժողովրդավարական երկիր կերտելու գործում ունենանք մեր մեծ ներդրումը։

ՆԳ նախարարության ռազմավարության հիմնական նպատակներից մեկը նաև հասարակությանը ոստիկանի և փրկարարի նոր կերպար ներկայացնելն է։ Այս համատեքստում բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք միտված են բարձրացնելու ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը:

Թե որքանով հաջողեցինք կամ որտեղ թերացանք՝ կարծում եմ՝ ձեր գնահատականն ավելի կարևոր է»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Սարգսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ