Երիտասարդների և մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին ու մարիխուանա է հայտնաբերվել. ոստիկանության բացահայտումը

Աննա Կոստանյան 19.07.2021 - 18:12
19.07.2021 - 18:12 դիտում

Քրեական ոստիկանության ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացան, որոնք իրացրեցին՝ համագործակցելով Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողների հետ։ Երևան-Մեղրի ճանապարհի 208-րդ կիլոմետրին հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, Սիսիանի բաժին բերման ենթարկվեցին 24 և 26 տարեկան երկու երիտասարդ։ Նրանց անձնական խուզարկությամբ ու մեքենայի զննությամբ մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։ Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում հարուցվեց քրեական գործ, որն ուղարկվեց Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության։ «Օպելի» խուզարկությամբ հայտնաբերվեցին առանձնապես խոշոր չափերի՝ 100 գրամից ավելի մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ, որոնք թաքցված էին բեռնախցիկի բարձրախոսի մեջ։ 24-ամյա երիտասարդի հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել մի օտարերկրացուց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Երիտասարդները ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ