Երերույքի տաճար

Աննա Կոստանյան 29.04.2022 - 13:18
29.04.2022 - 13:18 դիտում

Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզում՝ Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը:

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Ունեցել է վեց սյուն։ Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է։ Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։ Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա։ Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա։ Նրանից դուրս՝ այլ շինություններ, ստորգետնյա սենյակներ։ Մի քիչ ներքևում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն։ Իսկ ավելի հեռու, դեպի հարավ – արևելք՝ մի ջրամբարի պատնեշ կա և մի ամբողջ բնակավայր։

Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները։ Թվագրվում է մոտավորապես 5-րդ դարով։ Տաճարի մասին պատմիչները լռում են։ Գոնե մեզ հասած ձեռագիր մատյաններում նրա մասին որևէ հիշատակություն չի հանդիպում։ Նրա մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ 11-րդ դարում Բարգրատունյաց Հովհաննես – Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար։
Մանրամասները՝ տեսանյութում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ