Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրով ևս 450 մլն դրամ հատկացվեց

Աննա Կոստանյան 24.08.2023 - 13:42
24.08.2023 - 13:42 դիտում

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի 3-րդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուի ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացվեց 450 մլն դրամ: Այդ մասին որոշումը կայացվեց Կառավարության օգոստոսի 24-ի նիստին:

Անդրադառնալով ծրագրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ծրագրով նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն տրամադրել, ապա ընդգծեց, որ ժամանակին ծրագրով նախատեսվող միջոցները չէին ծախսվում, հիմա նախատեսվող միջոցները չեն բավականացնում:

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում առիթ ունեցել է սեփական աչքերով տեսնել 16 մլն դրամի ծրագրով սահմանամերձ բնակավայրերում կառուցվող բնակարան:

«Հետաքրքիր էր, որ այդ բնակարանը մեր ծրագրում չկար: Ես ուղղակի պատահական հարցրի, թե այնտեղ ինչ եք կառուցում: Այդ մարդն ասաց, որ Կառավարության ծրագրով տուն են կառուցում, և դա շատ հաճելի էր: Այնտեղ մարդիկ բարձրացրին հարցերը, խոսքը երկրորդ գրավի մասին էր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ավելի ուշ իրեն զեկուցել են, որ երկրորդ գրավի պայմանն արդեն հանվել է:

Ծրագրերի շրջանակում 2023 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։ 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ՝ աջակցություն է ստացել երեխա ունեցող 1685 ընտանիք, որից 236-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով (222 մլն դրամի շրջանակում), 494-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (23 մլն դրամի շրջանակում) և 955 շահառու՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (983 մլն դրամի շրջանակում):

Այս պահի դրությամբ՝ 2023 թվականին վճարվել է 1 մլրդ 228 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել երեխա ունեցող 7137 ընտանիք․ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 4 մլրդ 928 մլն դրամ։

Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։

Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։

Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։ Երրորդ ծրագրով, հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում, ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ