Եվրախորհրդից Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում հետ կանգնել իրավիճակը վատթարացնող հետագա քայլերից

Աննա Կոստանյան 13.09.2022 - 20:42
13.09.2022 - 20:42 դիտում

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահողը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների առնչությամբ կոչ են անում թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ մամուլի հաղորդագրությունը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական հարձակման առնչությամբ Իռլանդիայի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սայմոն Քովենին և ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը մասնավորապես հայտարարել են, որ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է Եվրախորհրդի անդամ պետությունների միջև վեճերը լուծելու հարցում:

«Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետ կանգնել ցանկացած հետագա քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը, հարգել միջազգային համաձայնագրերը և անհապաղ ներգրավվել խաղաղ բանակցություններում: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետություններին կատարել իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել են անդամակցության ժամանակ, մասնավորապես՝ հակամարտությունը կարգավորելու խաղաղ ճանապարհով։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել նրանց այդ ջանքերում», – ասված է Քովենիի և Քոքսի համատեղ հայտարարության մեջ:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ