Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

4.10.2023 - 21:10 դիտում

Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Ստրասբուրգում լիագումար նիստում մտադիր են բանաձեւ ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ կապված Արցախի Հանրապետության իրադարձությունների հետ, ինչպես նաեւ կասեցնել համագործակցության զարգացումը և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը։ Այս մասին ներկայացված է Եվրախորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրությունից։

Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, որ պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար», – ասվում է բանաձևում։

Պատգամավորները նաև ծրագրում են կոչ անել «ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը հարգելու իրական պատրաստակամություն չի ցուցաբերել»:

Հակառակ դեպքում, պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի հեշտացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։

Եվրախորհրդարանը նաև մտադիր է ԵՄ-ին կոչ անել «նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը Ադրբեջանի գազից», իսկ Բաքվի և Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում՝ «ամբողջովին դադարեցնել նավթի և գազի ներմուծումը» Ադրբեջանից։

Պատգամավորները նաև կոչ կանեն ԵՄ-ին «աշխատել Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) ապրող հայերի անվտանգության միջազգային երաշխիքներ ապահովելու, ինչպես նաև տարածաշրջան հումանիտար ամբողջական մուտքը վերականգնելու ուղղությամբ» և էապես ավելացնել մարդասիրական օգնությունը։

Նրանք նաև նախատեսում են «հիասթափություն հայտնել» ՄԱԿ-ի առաջին առաքելության կազմակերպման կապակցությամբ, որն այցելել է Ղարաբաղ (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) և կոչ անել «Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) միջազգային ներկայություն հաստատել ՄԱԿ-ի հովանու ներքո»։

Պատգամավորներն իրենց փաստաթղթում քննադատել են նաև Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ անտեսելու Եվրախորհրդարանի նախազգուշացումները «Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) շուրջ ստեղծված իրավիճակի բացասական զարգացման մասին», ինչպես նաև այն փաստի համար, որ «իրենց գործողությունները դեռ ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել»։

Եվրախորհրդարանը նաև նախատեսում է կոչ անել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհապաղ վերանայել ԵՄ դիվանագիտական ​​և անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

«Եվրախորհրդարանը հիշեցնում է Ադրբեջանին, որ ինքը կրում է ամբողջ պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) բնակիչների անվտանգության և բարեկեցության համար, խնդրում է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և համապատասխան միջազգային կոնվենցիաների։ Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) »,- ասված է բանաձեւի նախագծում։

Պատգամավորները նաև կոչ կանեն Բաքվին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղից (Արցախի Հանրապետություն՝ խմբ.) «ձերբակալված» (չակերտները՝ Iravaban.net-ի) բոլոր հայերին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ