Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

Աննա Կոստանյան 23.10.2024 - 16:09
23.10.2024 - 16:09 դիտում

«Նարատիվը, որ փորձում եք առաջ տանել, որ ես պատսպարվում եմ իմ պաշտոնի, կամ օրենքով ինձ հասանելի թիկնապահների շնորհիվ, երևի մի փոքրիկ խմբակում է արդիական»:

Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ներողություն խնդրելու պահանջին, և այն դիտարկմանը, որ Սիմոնյանը որպես ԱԺ նախագահ, ռեպլիկներ է թողնում, որոնք հարիր չեն թե՛ ԱԺ-ին, թե՛ ԱԺ նախագահին:

«Որովհետև, երբ Ռոբերտ Քոչարյանն ու դուք իշխանության էիք և մարդկանց «պադիեզդներում» ծեծում էիք, մարդկանց գլուխը խփում էին զուգարանակոնքին, ես շատ բաց ու ուղիղ իրերը անվանում էի իրենց անունով և հետագայում էլ եմ նույն կերպ վարվելու: Եթե դուք հիմա կարծում եք, որ կարելի է բացել պահվածքների վերաբերյալ խոսակցություն, ես դեմ չեմ, բայց հավատացեք՝ դուք դրանից շատ ավելի շատ եք տուժելու. երբ որ ձեր կողմից սատարվող Բագրատ սրբազանը գալիս այստեղ, մի քանի հարյուր հազար հայ ժողովրդի ներկայացուցչի է վիրավորում, երբ որ ձեր կողմից բերված մարդիկ այստեղից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում, կանայք, որոնք գալիս կրթությունից են խոսում, ստեղից այնպիսի բաներ են խոսում, հետո էլ զարմանում ենք, որ ԱԺ վարկանիշը ցածր է»,- ասաց Սիմոնյանը:

Վերջինս նաև նկատեց՝ երբ անգամ Մինասյանը գրություն է գրում ԱԺ նախագահին, այնպես է անում, որ հանկարծ հարգելի բառը չգրի. «Դուք մի հատ ձեր արածներին նայեք, հետո նոր ստեղ եկեք, որևիցե մեկին բարոյախրատական դասեր տվեք: Ինչ վերաբերում է իմ ասածներին, հարգելիս, դուք ձեր խոսքի մեջ առնվազն երկու անգամ քողարկված սպառնալիք հնչեցրիք (-Խմբ. Արծվիկ Մինասյանը Սիմոնյանին հորդորել էր ներողություն խնդրել, հակառակ դեպքում, ըստ նրա, «վատ սցենարներ կարող են լինել»): Ես ձեզ զգուշացնում եմ՝ իմ հետ սպառնալիքով մի խոսեք, դա չի աշխատելու, ընդհակառակը՝ հակառակ արձագանք է ունենալու»:

Արծվիկ Մինասյանը Սիմոնյանին հորդորել էր ներողություն խնդրել, հակառակ դեպքում, ըտս նրա, «վատ սցենարներ կարող են լինել»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ