«Եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները հերթականությամբ իրականացվում են». Պուտին

Աննա Կոստանյան 11.01.2021 - 16:22
11.01.2021 - 16:22 դիտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` կարելի է գոհունակությամբ ընդգծել, որ հերթականությամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահի ստորագրած համատեղ հայտարարության պայմանավորվածությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասել է Կրեմլում երեք երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում:

«Ռուսաստանի համար թանկ են գործընկերային և բարիդրացիական հարաբերությունները, որոնք կապում են մեր երկրներն ու ժողովուրդները, այդ պատճառով մենք մարդկանց ճակատագրերի համար տագնապով և անկեղծ անհանգստությամբ էինք հետևում բռնկված ռազմական բախմանը: Լայնածավալ ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրին զգալի մարդկային զոհերի, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրին ահաբեկչության տարածման ռիսկերը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրա համար, որ դրական ընդունեցիք ռուսական կողմի միջնորդական ջանքերը, որոնք ուղղված էին նրան, որ օգնեն դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և հասնել կրակի հաստատուն դադարեցմանը: Մենք մշտական կապի մեջ էինք, միասին փնտրում էինք փոխզիջում, որի հետևանքով նոյեմբերի 9-ին համաձայնեցվեց եռակողմ հայտարարություն, որը մենք միասին ստորագրեցինք: Այսօր կարող ենք գոհունակությամբ ընդգծել՝ եռակողմ համաձայնությունները հերթականությամբ իրականացվում են»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշեց, որ ռուսական կողմը շարունակում է իր գործողությունները քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ:

«Հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու համար հայկական և ադրբեջանական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահներ են տեղակայվել: Հիմա տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է: Ռուսական կողմի միջնորդությամբ իրականացվել է գերիների և զոհվածների մարմինների փոխանակում»,- նշել է ՌԴ նախագահը:

Կրեմլում ընթանում է Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ եռակողմ հանդիպման` նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ