ԵՄ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու կարգավորման. Շառլ Միշել

14.05.2023 - 21:53 դիտում

ԵՄ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ կարգավորման։ Մենք շարունակելու ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ավելի քան 4 ժամ տևած հանդիպման արդյունքներով Շառլ Միշելը հայտարարել է.

«Հանդիպման ընթացքում կողմերը կենտրոնացել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի վրա։ Առաջնորդները խաղաղության հասնելու պատրաստակամություն են հայտնել: Միասին քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը:

Հարկավոր է պահել այս թափը և քայլեր ձեռնարկել երկրների միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, այս համատեքստում նրանք պայմանավորվել են վերսկսել սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումները։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հավատարմություն են հայտնել Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Սահմանազատման հետ կապված վերջնական հարցերը կհամաձայնեցվեն բանակցությունների միջոցով:

Հաղորդակցությունների հետ կապված՝ կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերի քննարկումներում: Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են՝ խոսքը մասնավորապես՝ Նախիջևանով երկաթուղային կապի վերաբացման մասին է:

Ըմբռնում է եղել, որ գերեվարված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Ես նաև ընդգծել եմ, որ մոլորված քաղաքացիների ազատ արձակումը պետք է իրականացվի արագացված ընթացակարգով:

Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովմանը: Ես հորդորել եմ Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակմանը՝ երաշխավորելու հայերի անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնել եմ նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև թափանցիկ երկխոսության անհրաժեշտության մասին»:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ