Եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք հնարավորություն են ունեցել կանխել Մերձավանի դեպքը, սակայն չեն կանխել, կրելու են պատասխանատվություն. ՆԳՆ խոսնակ

27.09.2025 - 15:25 դիտում

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով կվերլուծվի նաև տեղի ոստիկանների աշխատանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների կողմից հնարավոր թերացումների փաստին, ասաց, որ դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ:

«Վստահեցնում եմ, որ եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են իրենց պատասխանատվությունը»,- ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ՆԳ նախարարը հենց առաջին օրվանից եղել է դեպքի վայրում, ղեկավարել է բացահայտման աշխատանքները, օպերատիվ շտաբը:

«Հենց այս պահին էլ գտնվում է Վաղարշաապտի բաժնում և ղեկավարում է աշխատանքները»,- հայտնեց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ձերբակալված Նարեկ Օհանյանը միայնակ է գործել, հայտնեց՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է վարկածին, թե սպանության թիրախում եղել է քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, նշեց՝ դա այս պահի դրությամբ հիմնազուրկ պնդում է:

«Ցավոք սրտի, մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով։ Նա մեր լավագույն գործընկերներից էր, ծառայության մեջ էր 2012 թվականից, ավարտել էր Ոստիկանության կրթահամալիրը»,- ասաց ՆԳՆ խոսնակը:

Նրա խոսքով՝ ոստիկանը այս պահին ծառայության մեջ չի գտնվել, այլ ընկերական հարաբերություններէ ունեցել Փարաքարի համայնքապետի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալված կա:

Իր հերթին, ՔԿ-ն մանրամասներ էր հայտնել Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործից:

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

Մեկ անձ վիրավոր էր, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել:

Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ