Եթե ես խոսում եմ, ուրեմն ունեմ ապացույցներ, դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում. Փաշինյանը՝ Կաթողիկոսի՝ զավակ ունենալու իր հայտարարությունների մասին

Աստղիկ Խաչատրյան 18.06.2025 - 12:43
18.06.2025 - 12:43 դիտում

Ես Հայ Առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չեմ հայտարարել և չէի կարող, պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են Հայ Առաքելական եկեղեցու կանոնակարգը, կուսակրոնության ուխտագիրը, մեր ավանդույթները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցի-իշխանություն լարված հարաբերություններին:

Նրա խոսքով՝ իր խնդիրը` որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքների և հոգևոր պայմանների:

«Տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է, ես այդ իրադարձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերին առանձնապես չէի անդրադառնում, բայց դա չի նշանակում, որ մյուսներն այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար, լկտի հարձակումները համարժեք պատասխաններ կստանան»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով իր պնդմանը, թե Կաթողիկոսը զավակ ունի՝ ասաց. «Եթե ես խոսում եմ, ես ունեմ ապացույցներ, դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում:  Առաջարկել էի, եթե իրենք որևիցե ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ, և այդ ապացույցները կներկայացվեն, կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն: Իմ դիրքորոշումներն ամբողջությամբ հիմնված են Հայ Առաքելական եկեղեցու կանոնների վրա»:

Հարցին՝ արդյոք այս իրավիճակը կարող է բերել երկրի ներսում բախումների՝ վարչապետն արձագանքեց. «Անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցությունները, մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում և դա իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել գործողությունների վրա հիմնված քայլերի վրա»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ