Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել. Փաշինյանը՝ PISA-ի հետազոտության մասին

11.09.2026 - 13:06 դիտում

Հետազոտություն հրապարակվեց՝ կապված աշակերտների առաջադիմության հետ: Հիմա որոշակի քննարկումներ ու քննադատություններ են տեղի ունենում, հատկապես ընդդիմադիրների քննադատությունները կատարելապես անհասկանալի և անընդունելի էին: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 11-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով PISA (Program for International Student Assessment) միջազգային հետազոտության՝ ՀՀ-ի կրթության համակարգին առնչվող գնահատականին:

Այս համատեքստում Փաշինյանը նախ հիշեցրեց, որ 2021 թվականից Հայաստանում իրականացվում է 300 դպրոցի ծրագիր, որից հետո ևս 300 դպրոցի ծրագիր է սկսվելու, հետո՝ ևս 350, այսինքն՝ մոտ 700 դպրոց դեռ պետք է կառուցվի, հիմնանորոգվի, որպեսզի շատ թե քիչ կրթության հասանելիություն ապահովվի երեխաների համար:

«Մենք դպրոց չենք բացում, մենք դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել։ Ինչպե՞ս կարող է 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինել»,- ասաց նա՝ նկատելով, որ անկախության տարիների ընթացքում ոչ ոք չի պահանջել, որ ուսուցիչներն աշխատեն իրենց հմտությունների զարգացման ուղղությամբ։

«Մինչև այսօր մեր դպրոցներում տնօրեններ և ուսուցիչներ կան, որոնք այնպիսի գաղափարներ են դասավանդում… Տգիտություն են դասավանդում դպրոցներում։ Եվ լավ է, որ այս թեման կա։ Մենք պետք է առերեսվենք սրա հետ։

Ընտրություններից հետո նախարարի առաջ խնդիր եմ դրել և ասել եմ՝ ամբողջ մասսային պետք է դուրս հանել դպրոցներից։ Ինձ չեն հետաքրքրում բացատրությունները․ տգետ տնօրենները պետք է հեռացվեն աշխատանքից։ Իսկ այն, որ նրանց թիվը տասնյակ է (մեղմ եմ արտահայտվում), ինձ համար ակնհայտ է։ Սրա համար եմ ասում՝ հեղափոխություն է պետք, որովհետև այս դահլիճում հեղափոխությունը բավարար չէ»,- ասաց Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց, որ PISA նախաձեռնությանը մասնակցելը Հայաստանի Հանրապետությունն է նախաձեռնել՝ համապատասխան տվյալներ ստանալու նպատակով։ Նա նշեց, որ հետազոտության մասնակիցների 88 տոկոսը 10-րդ դասարանցիներ են եղել։

Ըստ նախարարի՝ PISA-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրով և կրթության ռազմավարությամբ իրականացված բոլոր քայլերը ճիշտ ուղղությամբ են։

«Մենք այդ իրավիճակը հասկացել ենք շատ վաղուց, և դրա համար են բոլոր փոփոխությունները նախաձեռնվել և իրականացվում՝ չնայած դիմադրությանը»,- ասաց նախարարը։

Նա պարզաբանեց, որ հետազոտությունը չի գնահատում աշակերտների մաթեմատիկական տարրական գիտելիքների մակարդակը՝ օրինակ՝ թվեր գումարելու կամ բաժանելու կարողությունը, այլ ցույց է տալիս ստացած գիտելիքը կյանքի տարբեր իրավիճակներում կիրառելու հմտությունը։

«Ոչ մեկիս համար չպետք է նորություն լինի, որ այդտեղ մենք լրջագույն խնդիրներ ունենք, որովհետև տարիներով մեր դպրոցը հիմնված է եղել անգիրի վրա։ Բնական գիտությունների կիրառականությունը ինչպե՞ս պիտի բարձր լիներ։ Մեր Կառավարությունն է, որ դպրոցներում լաբորատորիաներ է ստեղծում։

Ինչպե՞ս պիտի քիմիայի կամ ֆիզիկայի կիրառական գիտելիք ձևավորվեր, և աշակերտները հասկանային՝ ինչպես կիրառել այդ օրինաչափությունը, եթե համապատասխան պայմանները չկան»,- ասաց նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ