Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի միջև դիմակայությունը շարունակվում է: Գործարարը սպառնացել է կուսակցություն ստեղծել, եթե Կոնգրեսն ընդունի դաշնային ծախսերի կրճատման մասին օրինագիծը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանում է «Մեծ գեղեցիկ օրինագիծ»։ Մասկն այն որակում է խելագար նախագիծ:
«Մեր երկրին անհրաժեշտ է այլընտրանք դեմոկրատների և հանրապետականների միակուսակցական համակարգին, որ մարդիկ իրական ընտրության հնարավորություն ունենան»,- գրել է Մասկը X-ի էջում:
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ հարկային օրինագծին աջակցող կոնգրեսականները կպարտվեն 2026 թվականի փրայմերիզում, «նույնիսկ եթե դա վերջին բանն է, որ ինքը կանի այս աշխարհում»։
Գործարարի քննադատական խոսքերի ֆոնին՝ Թրամփը սպառնացել է դադարեցնել Իլոն Մասկի սուբսիդիաները և դեմ է արտահայտվել էլեկտրական մեքենաների արտադրությանը:
«Իլոնը, հավանաբար, պատմության մեջ ամենաշատ սուբսիդիաներ ստացող մարդն է: Առանց դրանց նա, հնարավոր է, ստիպված կլիներ փակել իր բիզնեսը և վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա»,- գրել է Թրամփը Truth Social-ի էջում։
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ եթե ԱՄՆ-ը չաջակցի հրթիռների և արբանյակների արձակմանը կամ էլեկտրական ավտոմեքենաների արտադրությանը, երկիրը լուրջ գումարներ կխնայի: