Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը

13.08.2026 - 16:39 դիտում

Արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն, պարո՛ն Կարապետյան, ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից. մեկը՝ ձեր, մյուսը՝ էդգար Ղազարյանի: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին:

«Մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց ունենք պրոբլեմ, մեծ պրոբլեմ, որովհետև պետք է ուղիղ ձեզ ասեմ, որ բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի՝ այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը: Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում»,- ասաց նա՝ հավելելով, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր «անդաստիարակ» արտահայտության համար:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նկատեց՝ երկու դեպքերը համեմատելը տեղին չէր, քանի որ առաջին միջադեպը լուծված է:

«Որպեսզի լինենք արդար, ես, մեր խմբակցությունը ինչ-որ չափով կիսում ենք գործընկերների մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպահենք: Դրանից հետո ձեր որոշումը ձեր որոշումն է»,- ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանը խնդրեց գնահատական տալ տեղի ունեցածի վերաբերյալ, Նարեկ Կարապետյանը արձագանքեց. «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ դահլիճում. «Հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում ԱԺ դահլիճում, և ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական և ոչ քաղաքական թևերը կփռեն նրա վրա»:

Հիշեցնենք, որ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց. «…Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (քեռու՝ պատերազմի ժամանակ զոհված թոռը – խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, կոռեկտ լինելու կոչ արեց նրան և նախազգուշացում հայտարարեց. «Հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե Դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»:

Միջադեպից հետո ԱԺ դահլիճում մթնոլորտը լարվել էր, նիստը վարողը հայտարարել էր 20 րոպե ընդմիջում: ԱԺ դահլիճից դուրս իշխող և ընդդմադիր խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանություն էր սկսվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ