Դատախազն այսօր իրավասու դատարան է հանձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթի նյութերը: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են Դատախազությունից:
Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանին և գործարար Սամվել Մայրապետյանին:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով ներկայացված մեղադրանքի համաձայն՝ Սերժ Սարգսյանը միջնորդավորված կերպով կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից՝ նրան պատկանած ընկերության օտարման գործարքին չխոչընդոտելու համար: Կաշառքը ստացել է մաս-մաս՝ 2 միլիոն 660 հազար դոլարը՝ կանխիկ, 325 հազարը՝ անկանխիկ եղանակով»,- հայտնեցին Դատախազությունից: