Դանակահարություն ավտոտեխսպասարկման կետում

Հրաչ Սահակյան 10.09.2020 - 22:27
10.09.2020 - 22:27 դիտում

Արմավիրի ոստիկանները բացահայտել են քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած դանակահարությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Սեպտեմբերի 7-ին, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի, վերին վերջույթների և ծոծրակի բազմաթիվ ծակած վերքերով 32-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց, հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի ավտոտեխսպասարկման կետում, վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է մտերիմը` Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 62-ամյա մի բնակիչ: Ըստ նախնական վարկածի` տեխսպասարկման կետում այդ երեկո միասին հաց էին կիսել, խմել. օղին էր թունդ, թե այլ պատճառ կար` սեղանակիցներից մեկը դանակահարել էր մյուսին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին` իր հետ բերելով դանակը:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ