Գողություն է կատարվել Գյումրու նկարչական դպրոցում․ պահակն աշխատել է միայն ցերեկային ժամերին

Աննա Կոստանյան 1.11.2022 - 18:39
1.11.2022 - 18:39 դիտում

Մի քանի օր առաջ գողություն է կատարվել Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ Ըստ աշխատակիցների եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժակլին Սարգսյանի՝ գողացել են գազատաքացուցիչներից ամենափոքրը, որի հետեւանքով ջուրը լցվել է դպրոցի միջանցքներում եւ նկուղային հարկում։ Հոսող ջրի հետեւանքով վնասվել են վերջերս վերանորոգված նկուղային հարկի դասասենյակները, գույքը։ Այս մասին տեղեկացնում է Аsparez.am-ը:

Ըստ աշխատողների՝ այդ օրը փորձել են կոտրել նաեւ տնօրենի աշխատասենյակի դուռ, սակայն չի հաջողվել։

Ինչպես պատմում է Ժ․Սարգսյանը, գողացված գազատաքացուցիչը դպրոցում տեղադրվել է 2016 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դրամաշնորհային ծրագրի շրջանակում եւ արժեցել է մոտ 320 հազար ՀՀ դրամ։

Առավոտյան ժամը 10։00-ին պահակը ներս է մտել եւ նկատել հոսող ջուր, ապա տեսել, որ փոքր գազատաքացուցիչը չկա։ Տնօրենի պաշտոնակատարն անմիջապես գրավոր հաղորդմամբ դիմել է ՀՀ ոստիկանություն։

Աշխատակիցներն ավելացնում են՝ նկարչական դպրոցում երբեւիցե գողություն չի կատարվել, դեպքը զարմացրել է իրենց։

Ըստ նախնական վարկածի՝ բացել են նկարչական դպրոցի դասասենյակներից մեկի պատուհանը, ներս մտել, իսկ գողոնը դուրս հանել նույն դասասենյակի մեկ այլ պատուհանից։ Այդ դասասենյակի պատուհաններից երկուսը դեպի թաղային նեղլիկ փողոց են նայում, իսկ մյուս երկուսը՝ կենտրոնական զբոսայգու մեծ փողոց։

Թե գողության ժամանակ ուր է եղել նկարչական դպրոցի պահակը, աշխատակիցները պնդում են՝ պահակն աշխատում է միայն ցերեկային ժամերին։ Նույնն է պատմում նաեւ տնօրենի պաշտոնակատար Ժակլին Սարգսյանը։ Ցերեկային պահակ կա, ընդամենը կես դրույքով։

Պահակը եւս պնդում է՝ ինքը ցերեկային ժամերին է աշխատում։ Գիշերային պահակ դպրոցը երբեք չի ունեցել։ Պահակը, որը կենսաթոշակառու է եւ շուրջ 50 տարի դպրոցում աշխատել է որպես տնտեսվար, ամսական ստանում է 30-32 հազար դրամ։

Մինչդեռ Գյումրու ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի 282-Ա որոշման 7-րդ հավելվածի համաձայն՝ «Ա․Դ․Մերկուրովի անվան նկարչական դպրոց» ՀՈԱԿ-ի պահակի ամսական աշխատավարձը սահմանված է 93 հազար 300 ՀՀ դրամ։ Պահակի համար սահմանված է եղել մեկ դրույք։

Հաստիքացուցակում, սակայն, նշված չէ՝ ցերեկային, թե՞ գիշերային ժամերի պահակի մասին է խոսքը։

Հավելվածը կնիքված եւ ստորագրված է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լ․Թովմասյանի, նկարչական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժ․Սարգսյանի եւ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Ա․Ներսիսյանի կողմից։

Պարզվում է՝ նկարչական դպրոցը մեկ դրույքով պահակի հաստիքի անվան տակ ունեցել է կես դրույքով ցերեկային պահակ եւ կես դրույքով հյուսն։ Հենց այդպես էլ վերջիններիս հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր։ Այսինքն՝ ավագանու սահմանած հաստիքացուցակում դպրոցն ինքնակամ կատարել է փոփոխություն։

«Մի հաստիք է, մենք կիսել ենք երկու մասի։ Ժամը 9։00-10։00-ը մի պահակն է, նա նաեւ ժամը 13։00-14։00-ին է գալիս, ընդմիջման ժամին մնում, հետո՝ ժամը 17։00-18։30-ը նորից ինքն է մնում, իսկ հյուսնի գործն անողը գալիս է ժամը 10։00-13։00-ը եւ 14։00-14։30-ը»,-ասում է տնօրենի պաշտոնակատարը։

Ժ․Սարգսյանն ասում է․ «Ես գիտեցել եմ, որ իրավունք ունենք բաժանելու այդ հաստիքը։ Գուցե իմ անուշադրության հետեւանքն է, որ ավագանին հաստիքացուցակում այդպես է հրապարակել։ Գուցե դա նաեւ իրենց վրիպակն է։ Կարեւորը անձը կա, գործում է, աշխատանքի գալիս է, վճարվում է։ Ավագանու նիստին քննարկվելու է հարցը, ինձ հյուսնի հաստիք է հարկավոր, պահակի հաստիքն հանվելու է, փոխարենը պահակայինն է աշխատելու, տեսախցիկներ են տեղադրվելու։ Այդ փոփոխությունն անելու ենք։ Գյումրի համայնքի ղեկավարի հետ քննարկելու ենք պահակային ծառայությունից օգտվելու ֆինանսական հարցը»,-ասում է նա

Տնօրենի պաշտոնակատարը միաժամանակ ասում է՝ նկարչական դպրոցի շենքն ընդգրկված է «Կումայրի» արգելոցի տարածքում եւ անթույլատրելի է եղել պատուհաններին ճաղավանդակներ տեղադրելը։

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ