Գյումրու ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրած անձին

Աննա Կոստանյան 26.10.2022 - 13:05
26.10.2022 - 13:05 դիտում

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Ախուրյան գյուղի Գյումրու խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին նույն գյուղի 37-ամյա մի բնակչի և նրա 63-ամյա մորը։ Ձերբակալված տղամարդու անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերվեց։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 12-ին տելեգրամյան կայքից, առցանց վաճառելու նպատակով, ձեռք է բերել 19 փաթեթ թմրանյութ և 5-ը տեղադրել Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում։ Մտավախություն ունենալով, որ իր մեքենային մոտեցող անձինք ոստիկաններ են, մնացած փաթեթները ավտոմեքենայում փոխանցել էր մորը։ 63-ամյա կնոջ խուզարկությամբ հայտնաբերվեց 14 փաթեթ՝ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներով։ Մայր ու որդի ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով տղամարդու տեղադրած փաթեթները հայտնաբերվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ