Գյումրու Հայ Կաթողիկե առաջնորդանիստ Սրբոց նահատակաց եկեղեցում Զատկի Հարության պատարագ մատուցվեց

4.04.2021 - 14:17 դիտում

Ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի, ապրիլի 4-ին Զատկի Հարության հայրապետական սուրբ ու անմահ պատարագ մատուցվեց Գյումրու Սրբոց նահատակաց եկեղեցում:

Առաջնորդական պատգամը մեկն էր՝ հարության շրջանն ապրել Քրիստոսի հետ ու Ավետարանական պատգամն ու Քրիստոսի սերը տուն տանել՝ այնպես, ինչպես Ճրագալույցի լույսը: «Սուրբ հարությունը պետք է լինի մեր սրտերի, մեր հոգիների մեջ: Քրիստոսը չարչարանքների գնաց, խաչին ելավ ու հարություն առավ՝ ցույց տալով, որ մահով կյանքը չի վերջանա ու այդ հավիտենական հարության համար մենք պետք է նախ մաքրենք մեր հոգին, ապա բացենք մեր սիրտն ու մեր հոգին ու նրան առնենք մեր սրտի մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր քարոզում նշեց առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»։

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Ս. Պատարագի ավարտին Սրբազանը հավատացյալներին փոխանցեց Հարության ավետիսը` «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: Ձեզ և մեզ մեծ Աւետիս»: Ս. Պատարագից հետո հավատացյալները շնորհավորեցին միմյանց:

Արմենուհի Մխոյան

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ