Գյումրիում ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու խոշտանգելու համար

Աննա Կոստանյան 26.06.2026 - 17:16
26.06.2026 - 17:16 դիտում

Քննչական կոմիտեն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայողին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով խոշտանգում կատարելու համար։ Ըստ նախաքննության՝ նա երկու քաղաքացու ոստիկանության բաժնում ծեծի է ենթարկել՝ նրանց պատժելու նպատակով։ Ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան փոխանցելու միջնորդությամբ։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայող Ս.Խ.-ն տեղեկանալով Գյումրի քաղաքի բնակչի կողմից հարևանուհուն սպառնալու, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալու մասին, մտադրվել է կատարած արարքի համար պատժել Վ.Գ.-ին: Այդ նպատակով Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին և պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչպես նաև նվաստացրել նրա արժանապատվությունը՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք: Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից բացահայտվել է Ս.Խ.-ի կողմից քաղաքացուն խոշտանգելու ևս մեկ դեպք: Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ս.Խ.-ն հայհոյանք տալու համար Գյումրի քաղաքի բնակչին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին և կատարած արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է նրան: Ս.Խ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը) (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀՀ ՔԼ-ի տարածած հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ