Գյումրիում մեր ռազմակայանը դառնում է ՀՀ-ի շրջափակման գերին. Զատուլին

Աննա Կոստանյան 22.10.2020 - 18:29
22.10.2020 - 18:29 դիտում

ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Պետդումայում չեն բացառել դեսանտային գործողության իրականացումը Ղարաբաղում» վերտառությամբ նյութում  իր հնչեցրած տեսակետի հետ կապված թյուրիմացություններից խուսափելու համար որոշակի պարզաբանումներ է տվել, գրում է lazarevsky.club կայքը։

«Լրագրողի հետ զրույցում ես մի քանի անգամ ընդգծել եմ, որ խոսքը կարող է լինել ոչ թե Ղարաբաղի տարածքում, այլ ՀՀ-ում մեր ռազմական ներկայության ուժեղացման և Կովկասում ընդլայնվող և Թուրքիային ավելի շատ ընդգրկող պատերազմի ֆոնին դրա համար անհրաժեշտ գործողությունների անցկացման մասին:

Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ աննորմալ է դրությունը, որի պարագայում Հայաստանի շուրջ օդային տարածքի արգելափակման պատճառով Գյումրիում մեր ռազմակայանը դառնում է ՀՀ-ի շրջափակման գերին:

ՌԴ-ն նախագահ Վլադիմիր Պուտինի շուրթերով արդեն արտահայտվել է այն առնչությամբ, որ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի նկատմամբ կատարել է և շարունակելու է կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Անկասկած, մեր դաշնակցի անվտանգության ամրապնդմանն ուղղված հավելյալ միջոցառումներին դիմել-չդիմելու հարցը (իմ տեղեկություններով՝ նման դիմում չի եղել) կարող է լինել նրա դիմումին արձագանքի կամ էլ Գերագույն-գլխավոր հրամանատարի և Պաշտպանության նախարարության որոշման հետևանք։

Որպես փորձագետ գտնում եմ, որ տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության ամրապնդման պես քայլը իրավիճակի ոչ բարենպաստ զարգացման դեպքում չի կարող բացառվել»,- եզրափակել է Զատուլինը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը,  Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել էր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում:

Խորհրդարանականը խոստովանել է, որ վստահ չէ՝ ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն նշել է մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնց թվում է դեսանտային գործողությունը Հայաստանում:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձևով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափով՝ հայկական, ոչ ԼՂ-ի, հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մյուս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը:

Նա նաև համաձայնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ հակամարտությունը դեռևս չունի դիվանագիտական լուծում՝ Ադրբեջանի գործողությունների պատճառով: Զատուլինը ափսոսանքով է նշել, որ բանակցային գործընթացը փաստացի առաջ չի գնում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին:

0 մեկնաբանություն
4

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ